«Հորմուզի նեղուցում նավարկության խափանումը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի հետևանք է։ Եթե եվրոպական երկրները իսկապես մտահոգված են տարածաշրջանի խաղաղությամբ և անվտանգությամբ, ապա պետք է ճնշում գործադրեն ագրեսորների վրա և ստիպեն դադարեցնելու նրանց ռազմական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ»,- ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։                
 

Հայաստանում կարող է ձևավորվել ֆիլտրված քաղաքական-տեղեկատվական միջավայր

Հայաստանում կարող է ձևավորվել ֆիլտրված քաղաքական-տեղեկատվական միջավայր
19.03.2026 | 19:54

Այսպիսով՝ եվրոպաներից խոստացված հիբրիդային թեմաների «արագ արձագանքման» մասնագետների գալուստը հաստատվեց։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր հայտարարել է. «Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպшռնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»:

Ըստ էության՝ այս հայտարարությունն առաջին հայացքից հնչում է որպես դասական «ժողովրդավարության աջակցման» դիսկուրս, սակայն դրա տակ առկա են ենթաշերտեր, որոնք արժե բացել՝ թե՛ քաղաքական, թե՛ գործնական իմաստով։

Նախ՝ «հիբրիդային սպառնալիքներ» և «ապատեղեկատվություն» եզրույթները ժամանակակից միջազգային հարաբերություններում դարձել են չափազանց լայն և ճկուն կիրառելի գործիքներ։ Դրանք չունեն խիստ սահմանված, օբյեկտիվ չափորոշիչներ և հաճախ օգտագործվում են ոչ միայն իրական վտանգների դեմ պայքարելու, այլ նաև տեղեկատվական դաշտը ձևավորելու և վերահսկելու համար։ Այլ կերպ ասած՝ ով սահմանում է, թե ինչն է «ապատեղեկատվություն», նա մեծապես վերահսկում է քաղաքական նարատիվը։

Հաջորդ առումով այս հայտարարությունը պետք է դիտարկել ԵՄ արտաքին քաղաքական գործիքակազմի համատեքստում։ Փաստացի՝ ԵՄ-ն վերջին տարիներին տարբեր երկրներում, հատկապես այն պետություններում, որոնք գտնվում են ազդեցության գոտիների մրցակցության մեջ, ակտիվորեն կիրառում է «հիբրիդային արձագանքման» մեխանիզմներ։ Սա ներառում է՝ մեդիա միջավայրի մոնիթորինգ, «ֆեյք նյուզի» դեմ պայքարի ծրագրեր, քաղաքացիական հասարակության ֆինանսավորում, երբեմն նաև՝ ընտրական գործընթացների շուրջ «խորհրդատվական աջակցություն»։

Մյուս կարևոր շերտը Հայաստանի ներքին քաղաքական կոնտեքստն է։ Այն պարագայում, երբ արտաքին դերակատարն ասում է, որ կօգնի, որպեսզի քաղաքացիները «ինքնուրույն որոշեն իրենց ապագան», միանգամից առաջանում է պարադոքս․ եթե որոշումը իսկապես պետք է լինի ինքնուրույն, ապա արտաքին միջամտության ծավալը պետք է լինի առավելագույնս սահմանափակ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ «ինքնուրույն որոշելու» պայմանները նախապես ձևավորվում են արտաքին դերակատարի մասնակցությամբ։

Ի դեպ՝ սա նաև աշխարհաքաղաքական ազդակ է, քանի որ Հայաստանը գտնվում է մրցակցող բևեռների միջև, և նման հայտարարությունները ուղերձ են ոչ միայն Հայաստանի ներսին, այլ նաև այլ ուժային կենտրոններին (մասնավորապես՝ Ռուսաստանին), որ ԵՄ-ն պատրաստվում է ավելի ակտիվ ներգրավվել ոչ միայն տնտեսական կամ ինստիտուցիոնալ, այլ նաև տեղեկատվական և քաղաքական գործընթացներում։

Շատ կարևոր է փաստել, որ նմանօրինակ ձևակերպումներով «հիբրիդային սպառնալիքների դեմ աջակցությունը» նոր երևույթ չէ․ այն բազմիցս կիրառվել է տարբեր երկրներում՝ տարբեր արդյունքներով։

Մասնավորապես Ուկրաինայում 2014-ի Եվրոմայդանից հետո Արևմուտքը լայնածավալ ծրագրեր սկսեց «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարի անվան տակ։ Ստեղծվեցին մեդիա մոնիթորինգի կենտրոններ, ֆակտ-չեքինգ հարթակներ, կրթական ծրագրեր լրագրողների համար։ Վրաստանում (հատկապես 2018-ի ընտրությունների շրջանում) արևմտյան կառույցները ակտիվ աջակցեում էին ընտրական գործընթացներին՝ շեշտադրելով ապատեղեկատվության դեմ պայքարը։ Ֆինանսավորվեցին ՀԿ-ներ, մեդիա հարթակներ, դիտորդական առաքելություններ։ Մոլդովայում (2016-ից հետո) ապատեղեկատվության դեմ պայքարը դարձավ բացահայտ քաղաքական գործիք։ Եվրոպական ծրագրերը աջակցեցին որոշ մեդիա հարթակների և քաղաքացիական խմբերի, որոնք հակակշռում էին ռուսամետ դիսկուրսը։ Բայց այստեղ առավել տեսանելի դարձավ «ընտրովի պայքարի» խնդիրը․ որոշ ուժեր ստանում էին լրացուցիչ ռեսուրս և լեգիտիմություն, մյուսները՝ ավտոմատ կերպով ընկնում «կասկածելի» կատեգորիայի մեջ։ Այսինքն՝ տեղի ունեցավ ոչ միայն տեղեկատվական պաշտպանություն, այլ նաև քաղաքական դաշտի վերաձևավորում։

Եթե այս ամենը վեկտորենք Հայաստանի վրա, ապա Կոսի հայտարարությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես պաշտպանական աջակցություն, այլ որպես ազդակ, որ՝ Հայաստանում ևս կարող է ձևավորվել «ֆիլտրված քաղաքական-տեղեկատվական միջավայր», որտեղ ընտրությունների «ազատությունն» իրականում կլինի արդեն նախապես ձևավորված նարատիվների շրջանակում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 250

Մեկնաբանություններ